Թումանյան քաղաքի հիմնադրումը


Բնակչություն՝ 1750.0 Մակերես՝ 30.8 կմ2. Քաղաքային համայնք Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 38կմ հեռավորության վրա` Վանաձոր-Թբիլիսի ավտամայրուղու վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Թումանյան քաղաքը եւ Քոբեր կայարանի գյուղը: 1947 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո այն դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ եւ ունեցել է Ձագիձոր, Ձաղիձոր անվանումները: Թումանյան է վեանվանվել 1951 թ-ին` ի հիշատակ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի: Քոբեր կայարանի գյուղը հիմնադրվել է որպես երկաթուղային կայարան, տեղադրված է Դեբեդ գետի ձախ ափին, հարթավայրում` ծովի մակարդակից 810մ բարձրության վրա: Թումանյան քաղաքից գտնվում է 1կմ հեռավորության վրա: Քաղաքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, հարթավայրում` ծովի մակարդակից 810մ բարձրության վրա: Համայնքի կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Տարեկան թափվում են 500-600մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Բնական լանդշաֆտները լեռնանտառներ են: Շրջակայքում կան կավի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն եւ արդյունահանվում են: Թումանյանը 1926 թ-ին ունեցել է 42, 1959թ-ին` 2640, 1964 թ-ին` 2864, 1980 թ-ին` 1881 բնակիչ: 2001 թ- մարդահամարի տվյալներով Թումանյան քաղաքն ունեցել է 1705, Քոբեր կայարանի գյուղը` 45 բնակիչ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005թ. հունվարի 1-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 2000 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետեւյալ կերպ. մինչաշխատունակներ` 24%, աշխատունակները 56% հետաշխատունակները 20%: Համայնքում կան հանրակրթական դպրոց, հայրենագիտական թանգարան, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց, մարզադպրոց: Քաղաքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ծանր արդյունաբերությունը: Այստեղ կառուցված է հրակայուն նյութերի գործարանը, որն աշխատում է տեղում եղած կավի պաշարների հիման վրա եւ արտադրում է հրակայուն աղյուս, տարբեր մեկուսիչ սարքեր: Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Հողային ֆոնդի 15% կազմում քաղաքացիների սեփականությունը, որոնց 83% խոտհարքեր են, 13% վարելահողեր, 4% պտղատու այգիներ: Պետական նշանակության հողերի շուրջ կեսը արոտավայրերն են` զբաղեցնելով 929հա: Դրանք օգտագործվում են նաեւ որպես վարելահողեր եւ խոտհարքեր` կազմելով համապատասխանաբար 119 եւ 480 հեկտար: Զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ` խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի եւ դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման եւ խմելու ջրի ջրագծերի հարցը: Առաջնային են համարվում նաեւ մշակութային կոթողների վերանորոգումը, արդյունաբերության վերականգնումը: